Սկեւռայի մասնատուփը` աղբյուր զորության եւ օրհնության
Կիրակի, նոյեմբերի 12-ին, Միածնաէջ մայր տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, վանքերի տեսուչ Տ. Արարատ ծ. վարդապետ Գալթագճյանը: Պատարագին ներկա էին Մայր Աթոռի միաբանները, եպիսկոպոսաց դասը, թեմակալ առաջնորդներ ու բազում ուխտավորներ, ովքեր եկել էին Մայր Աթոռ` համբուրելու արդեն մեկ շաբաթ Իջման Սուրբ Սեղանի առջեւ գտնվող Սկեւռայի մասնատուփը եւ ծնրադրելով տասնութ սրբերի մասունքներ պարունակող մասնատուփի առջեւ հայցելու Բարձրյալի օրհնությունն ու սրբերի բարեխոսությունը:
Սկեւռայի սուրբ մասնատուփը քրիստոնյա աշխարհի կարեւորագույն սրբություններից է, որ պատրաստվել է 1283թ. Սսի Կոստանդին արքեպիսկոպոսի հրամանով եւ բովանդակում է 18 սրբերի (Սբ. Պողոս, Պետրոս, Թադեւոս, Բարդուղիմեոս առաքյալների, սբ. Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնա հայրապետի, Հովհան Ոսկեբերանի, սբ. Կատարինեի եւ այլոց) մասունքները: Այն ՌԴ Էրմիտաժի տնօրինության կողմից 2000թ. նվիրաբերվում է Հայոց Եկեղեցուն եւ պահվում Սանկտ Պետերբուրգի նորաօծ Սբ. Կատարինե հայկական եկեղեցում: Սկեւռայի մասունքները Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով Մայր Աթոռ փոխադրվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 7-րդ տարեդարձի առիթով:
Մեկ շաբաթ անընդմեջ Հայաստանի տարբեր թեմերից չէր դադարում ուխտավորների հոսքը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր բարեպաշտ ժողովուրդը գալիս էր Իջման Սուրբ Սեղանի մոտ` հպվելու սրբություններին եւ ստանալու նրանց զորավոր օրհնությունը:
Պատարագի սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը իր պատգամն ու օրհնությունը փոխանցեց խուռներամ հավատացյալներին: «Առիթ ունենք մեկ անգամ եւս մերձենալու այս մասունքներին: Մերձենալու հավատով, որ այս մասունքներից զորություն պիտի բաշխվի մեզ, հիվանդները պիտի բժշկվեն, խուլերը պիտի լսեն, համրերը պիտի խոսեն եւ Աստծո ողորմությունը պիտի հեղվի մեր հարկերից ներս»,-նշեց Նորին Սրբությունը: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին եւ Էրմիտաժի տնօրինությանը` Հայոց Եկեղեցու հրաշագործ սրբությունը Մայր Աթոռին վերադարձնելու համար:
Այնուհետեւ Գարեգին Բ Կաթողիկոսի առաջնորդությամբ եկեղեցականների հանդիսավոր թափորը շարականների երգեցողության ներքո, ժողովրդի ուղեկցությամբ Սկեւռայի սրբազան մասունքները պտտեցրեց Մայր տաճարի շուրջ` աղոթելով, որ երանելի սրբերն իրենց զորությունն ու օրհնությունը բաշխեն հայոց աշխարհին ու ողջ հայ ժողովրդին:
Արարողության ավարտին Սկեւռայի մասնատուփը տեղափոխվեց «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատուն, որտեղ եւ կպահպանվի` մշտածոր իր սուրբ օրհնությունը բերելով հավատացյալ հայ ժողովրդին: